Ռեցիդիվող պոլիխոնդրիտ

Ռեցիդիվող պոլիխոնդրիտ

Ռեցիդիվող պոլիխոնդրիտ
Ռեցիդիվող պոլիխոնդրիտը հազվագյուտ, բայց լուրջ հիվանդություն է, որի ժամանակ մարդու օրգանիզմի պաշտպանական համակարգը սխալմամբ սկսում է հարձակվել սեփական աճառային հյուսվածքի վրա։ Աճառը այն ճկուն նյութն է , որը ձևավորում է մեր ականջները, քիթը, որոշ հոդեր, շնչափողը և նույնիսկ սրտի որոշ հատվածներ։ Երբ այդ հյուսվածքը վնասվում է , առաջանում են բորբոքումներ, ցավեր և փոփոխություններ։
Հիվանդությունն անվանվում է ռեցիդիվող, որովհետև այն սովորաբար ընթանում է պարբերաբար կրկնվող նոպաներով․ լինում են ժամանակներ, երբ հիվանդությունը ակտիվ է, իսկ հետո թուլանում է կամ գրեթե անհետանում։ Այդ հանգիստ շրջանից հետո նորից կարող են ի հայտ գալ բորբոքումներ։

Որո՞նք են ռեցիդիվող պոլիխոնդրիտի հիմնական նշանները

Ամենից հաճախ հիվանդությունն առաջինը ազդում է

ականջների աճառի

վրա։ Բնորոշ է արտաքին ականջի միակողմանի կամ երկկողմանի ախտահարումը։ Ականջը կարմրում է, ցավում և ուռչում, իսկ ականջի բլթակը սովորաբար չի տուժում։ Շատ հիվանդներ նկարագրում են, որ ականջներն այրվում են կամ ցավում են նույնիսկ դիպչելիս։ Կարող է հանգեցնել «փափուկ ականջների» կամ «ծաղկակաղամբի» տեսքի զարգացմանը։
Հաջորդ տարածված ախտանշանը

քթի աճառի

բորբոքումն է։ Քիթը կարող է կարմրել, ցավալ և ժամանակի ընթացքում ձևափոխվել՝ առաջացնելով այսպես կոչված «թամբաձև քթի» տեսք։
Մյուս ախտանշանը կոկորդի, շնչափողի, բրոնխների ախտահարումն է, որը նույնպես հաճախ է հանդիպում։ Ի տարբերություն մյուս ախտանշանների, այն կարող է կյանքին վտանգ սպառնալ՝ բերելով շնչափողի կիսաօղերի փափկեցման, այսպես կոչված խոնդրոմալյացիայի։ Դա կարող է հանգեցնել շնչափողի կրիտիկական նեղացման՝ ստենոզի, և բերել հիվանդի շնչահեղձության։ Հիվանդների մոտ զարգանում է ձայնի խռպոտություն, շնչարգելություն, անարդյունավետ չոր հազ, պարանոցի առաջային հատվածի ցավոտություն։
Հիվանդությունն կարող է ախտահարել նաև հոդերը։ Բնորոշ է կրծոսկրի աճառային միացումների ախտահարումը, որի արդյունքում հիվանդը ունենում է ցավեր կրծքավանդակում։ Կարող են ախտահարվել ծայրամասային հոդերը՝ բերելով այտուցվածության, ցավի։
Համեմատաբար հազվադեպ հանդիպող ախտանշաններից է աչքի բորբոքային հիվանդությունները, ընդհուպ կուրության զարգացում, մաշկային դրսևորումները՝ տարաբնույթ ցանավորումների, հանգույցների, խոցերի զարգացումով, արյունաստեղծ համակարգի փոփոխությունները՝ ապլաստիկ անեմիայի զարգացումով, միզասեռական համակարգի ախտահարումներ՝ ընդհուպ երիկամային անբավարարության ձևավորումով։
Վերոնշյալ ախտանշանները շատ ավելի հազվադեպ են, քան հիմնականները (ականջի, քթի,և շնճուղիների), բայց դրանց ի հայտ գալը կարող է հիվանդությունը դարձնել կյանքին վտանգավոր։
Այս հիվանդության համար հատուկ լաբորատոր և սպեցիֆիկ հետազոտություններ չկան, ախտորոշումը դրվում է կլինիկական նշանների և հետազոտությունների համակցությամբ։

Լաբորատոր հետազոտությունների

տվյալներով սպեցիֆիկ մարկերներ չկան։ Արյան ընդհանուր քննությամբ՝ բորբոքային ցուցանիշների բարձրացում։ Հնարավոր է անեմիա, լեյկոցիտոզ։

Գործիքային հետազոտություններից

՝ համակարգչային շերտագրություն, ՄՌՀ՝ շնչուղիների ախտահարման գնահատման համար։

Բիոպսիա

՝ երբեմն կիրառվում է , սակայն միշտ չէ, որ հաստատող է։
Հաշվի առնելով այս հիվանդության դժվար ախտորոշումը՝ հիվանդները, ցավոք սրտի, շատ ուշ են հասնում ռևմատոլոգներին։ Բուժվում են ՔԿԱ-ի, թոքաբանի, ակնաբույժի, թերապևտի մոտ, և ուղղորդվում ռևմատոլոգի հիվանդության բավականին զարգացման ուշ փուլում։ Ուստի շատ կարևոր է նեղ մասնագետների համախմբված աշխատանքը, որը կլինի ի օգուտ բուժառուի։
Նախկինում այս հիվանդությունը ուներ բավականին բարձր մահացություն, որի պատճառը ուշ ախտորոշումն էր և բուժման անէֆեկտիվությունը։ Այժմ բժշկության զարգացումը, հատկապես աուտոիմուն հիվանդությունների ախտորոշման և բուժման ասպարեզում, բերել է այս հիվանդության վաղ ախտորոշման և բուժման բավականի բարձր էֆեկտիվության։
Ինչո՞ւ է անհրաժեշտ թիրեոգլոբուլինի հետազոտությունը
06 Մայիս 2026
Թիրեոգլոբուլինի հետազոտությունը կարևոր լաբորատոր թեստ է, որն օգնում է բժիշկներին գնահատել վահանաձև գեղձի վիճակը և վերահսկել բուժման արդյունքները: Այն չափում է թիրեոգլոբուլին սպիտակուցի մակարդակը, որն արտադրվում է միայն վահանաձև գեղձի բջիջների կողմից և մասնակցում է T3 և T4 հորմոնների առաջացմանը: Նորմայում այս սպիտակուցի փոքր քանակություն առկա է արյան մեջ: Սակայն դրա փոփոխությունը կարող է ազդարարել տարբեր գործընթացների մասին՝ գեղձի ակտիվությունից մինչև ախտաբանությունների առկայություն: Հիմնական դերը. հսկողություն վահանաձև գեղձի քաղցկեղից հետո Հետազոտության գլխավոր նշանակությունը վահանաձև գեղձի քաղցկեղի բուժումից հետո պացիենտների հսկողությունն է: Գեղձի հեռացումից հետո թիրեոգլոբուլինի մակարդակը պետք է լինի նվազագույն կամ չհայտնաբերվող: Հետազոտությունը թույլ է տալիս. • Գնահատել, թե որքանով հաջող է անցել բուժումը • Հայտնաբերել մնացորդային հյուսվածքը կամ վաղ փուլի ռեցիդիվը (կրկնությունը) • Ժամանակի ընթացքում հետևել հիվանդության ընթացքին Հատկապես կարևոր է ոչ թե մեկանգամյա ցուցանիշը, այլ դինամիկան. հենց դա է տալիս առավել ճշգրիտ տեղեկատվություն: Ե՞րբ է նշանակվում այս թեստը Թեև հիմնական խնդիրը մնում է ուռուցքային պացիենտների հսկողությունը, հետազոտությունը կարող է օգտագործվել նաև այլ դեպքերում: Լրացուցիչ թեստն օգնում է. • Գնահատել վահանաձև գեղձի ակտիվությունը հիպո- կամ հիպերթիրեոզի դեպքում • Հայտնաբերել բորբոքային գործընթացները (թիրեոիդիտ) • Տարբերակել թիրեոտոքսիկոզի պատճառները Կարևոր է հիշել, որ հետազոտությունը պիտանի չէ քաղցկեղի առաջնային ախտորոշման համար, քանի որ դրա մակարդակը կարող է բարձրանալ նաև բարորակ հիվանդությունների դեպքում: Թիրեոգլոբուլինի հետազոտությունը դինամիկ դիտարկման գործիք է: Այն օգնում է բժշկին վերահսկել բուժումը, ժամանակին հայտնաբերել փոփոխությունները և կայացնել հիմնավորված որոշումներ՝ ապահովելով պացիենտի առավել ճշգրիտ և անվտանգ վարումը:
Ինչ է վիտամին D-ն և ինչու է այն մեզ անհրաժեշտ
02 Մայիս 2026
Վիտամին D-ն կարևորագույն սննդարար նյութ է, որն առանցքային դեր է խաղում ձեր մարմինն ամուր և հավասարակշռված պահելու գործում: Այն հաճախ անվանում են «արևի վիտամին», քանի որ ձեր օրգանիզմը կարող է արտադրել այն, երբ մաշկը ենթարկվում է արևի լույսի ազդեցությանը: Սակայն, չնայած այս բնական աղբյուրին, այսօր շատ մարդիկ դեռևս ունեն վիտամին D-ի ցածր մակարդակ: Ինչու է վիտամին D-ն կարևոր Վիտամին D-ն աջակցում է օրգանիզմի մի քանի կարևոր գործառույթների: Նրա ամենահայտնի դերն օգնելն է օրգանիզմին կլանել կալցիումը և ֆոսֆորը՝ երկու հանքանյութեր, որոնք վճռորոշ են ամուր ոսկորներ կառուցելու և պահպանելու համար: Առանց բավարար քանակությամբ վիտամին D-ի, ոսկորները կարող են թուլանալ՝ մեծացնելով կոտրվածքների և այնպիսի հիվանդությունների վտանգը, ինչպիսին է օստեոպորոզը: Այնուամենայնիվ, նրա դերը դուրս է գալիս միայն ոսկորների առողջության սահմաններից: Վիտամին D-ն նաև նպաստում է՝ • Մկանների առողջ գործառնությանը և ուժին • Իմունային համակարգի պատշաճ գործունեությանը • Բորբոքման և ցավի կարգավորմանը • Էներգիայի ընդհանուր մակարդակին և տրամադրության հավասարակշռությանը Վիտամին D-ի ցածր մակարդակը կապված է հոգնածության, մկանային թուլության, ոսկրային ցավերի և նույնիսկ տրամադրության փոփոխությունների հետ, ինչպիսին է դեպրեսիան: Ինչու շատերը ունեն դեֆիցիտ Վիտամին D-ի պակասը դարձել է գնալով ավելի տարածված: Հիմնական պատճառներից մեկը կենսակերպի փոփոխություններն են: Մարդիկ հակված են ավելի շատ ժամանակ անցկացնել փակ տարածքներում՝ լինի դա աշխատանքի, ուսման, թե թվային սարքերից օգտվելու պատճառով: Նույնիսկ դրսում գտնվելիս արևապաշտպան քսուքները, որոնք կարևոր են մաշկի քաղցկեղից պաշտպանվելու համար, կարող են նվազեցնել մաշկի՝ վիտամին D արտադրելու ունակությունը: Այլ նպաստող գործոններից են՝ • Սահմանափակ արևի ազդեցությունը, հատկապես ցուրտ եղանակներին • Մաշկի մուգ երանգը, որը նվազեցնում է վիտամին D-ի արտադրությունը • Վիտամին D-ով հարուստ սննդակարգի պակասը • Որոշակի առողջական խնդիրներ, որոնք ազդում են ներծծման վրա Այս գործոնների պատճառով շատ մարդիկ բնական ճանապարհով բավարար վիտամին D չեն ստանում: Ինչպես ստանալ բավարար վիտամին D  Վիտամին D-ի առողջ մակարդակը պահպանելու երեք հիմնական միջոց կա. 1. Արևի լույս. Ամենօրյա կարճատև ազդեցությունը (մոտ 10–30 րոպե) արևի լույսի ներքո կարող է օգնել ձեր մարմնին արտադրել վիտամին D: 2. Սննդի աղբյուրներ. Յուղոտ ձկները (օրինակ՝ սաղմոնը և սարդինան), ձվի դեղնուցը, սնկերը և հարստացված մթերքները, ինչպիսիք են կաթը կամ հացահատիկները, պարունակում են վիտամին D: 3. Հավելումներ. Որոշ դեպքերում բժիշկները կարող են խորհուրդ տալ վիտամին D-ի հավելումներ, հատկապես եթե մակարդակը ցածր է: Դեղաչափը միշտ պետք է որոշվի բուժաշխատողի կողմից, քանի որ վիտամին D-ի չափից շատ քանակությունը նույնպես կարող է վնասակար լինել: Երբ մտածել մակարդակը ստուգելու մասին Վիտամին D-ի անբավարարությունը միշտ չէ, որ առաջացնում է ակնհայտ ախտանիշներ, բայց որոշ նշաններ կարող են ներառել՝ • Մշտական հոգնածություն • Մկանային ցավեր կամ թուլություն • Ոսկրային կամ հոդացավեր • Հաճախակի հիվանդանալը Բժիշկները կարող են առաջարկել արյան պարզ հետազոտություն՝ վիտամին D-ի մակարդակը ստուգելու համար, հատկապես եթե առկա են ախտանիշներ կամ եթե դուք գտնվում եք բարձր ռիսկային խմբում: Վիտամին D-ն ձեր ընդհանուր առողջության փոքր, բայց հզոր մասն է: Ապահովելով դրա բավարար քանակը՝ արևի, սննդի կամ հավելումների միջոցով, դուք կարող եք օգնել աջակցել ձեր ոսկորներին, մկաններին և ընդհանուր բարեկեցությանը:
Կաթվածի կանխարգելում. պարզ քայլեր, որոնք կարող են փրկել ձեր կյանքը
27 Ապրիլ 2026
Կաթվածը կարող է տեղի ունենալ առանց նախազգուշացման, սակայն շատ դեպքերում ռիսկը կուտակվում է աստիճանաբար՝ ժամանակի ընթացքում: Հուսադրողն այն է, որ շատ կաթվածներ կանխարգելելի են: Որդեգրելով առողջ սովորություններ և վերահսկելով առկա առողջական խնդիրները՝ դուք կարող եք զգալիորեն նվազեցնել ռիսկը և պաշտպանել ձեր երկարաժամկետ բարեկեցությունը: Ձևավորեք ամուր ամենօրյա սովորություններ Ընտրեք առողջ սնունդ: Սննդարար դիետան կենտրոնական դեր է խաղում կաթվածի կանխարգելման գործում: Կենտրոնացեք թարմ մրգերի և բանջարեղենի, ամբողջական հացահատիկի և անյուղ սպիտակուցների վրա, ինչպիսին է ձուկը: Մանրաթելերով հարուստ սնունդն օգնում է վերահսկել խոլեստերինը, իսկ աղի օգտագործման նվազեցումը նպաստում է առողջ զարկերակային ճնշմանը: Հագեցած ճարպերի և վերամշակված սննդի սահմանափակումը կարող է լրացուցիչ պաշտպանել ձեր արյունատար անոթները: Եղեք ֆիզիկապես ակտիվ: Կանոնավոր մարզումները բարելավում են արյան շրջանառությունը, իջեցնում զարկերակային ճնշումը և նպաստում սիրտ-անոթային համակարգի ընդհանուր առողջությանը: Ձգտեք կատարել առնվազն 30 րոպե չափավոր ակտիվություն, օրինակ՝ արագ քայլք: Պահպանեք առողջ քաշ: Ավելորդ քաշը մեծացնում է այնպիսի հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են բարձր զարկերակային ճնշումը և շաքարային դիաբետը, որոնք երկուսն էլ նպաստում են կաթվածին: Նույնիսկ քաշի չափավոր կորուստը կարող է զգալի փոփոխություն առաջացնել ռիսկի նվազեցման հարցում: Խուսափեք վնասակար սովորություններից Թողեք ծխելը: Ծխելը վնասում է արյունատար անոթները և մեծացնում թրոմբների առաջացման հավանականությունը: Ծխելը թողնելը կաթվածի ռիսկը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը: Ալկոհոլի չարաշահումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և մեծացնել կաթվածի հավանականությունը: Թույլատրելի է չափավոր օգտագործում՝ հիմնականում օրական ոչ ավել, քան մեկ բաժակ կանանց համար և երկու բաժակ տղամարդկանց համար: Վերահսկեք ձեր առողջությունը Հետևեք զարկերակային ճնշմանը: Բարձր զարկերակային ճնշումը կաթվածի հիմնական կանխարգելելի պատճառն է և հաճախ զարգանում է առանց նկատելի ախտանիշների: Կանոնավոր մոնիտորինգը՝ կենսակերպի փոփոխությունների և, անհրաժեշտության դեպքում, դեղորայքի հետ մեկտեղ, էական նշանակություն ունի: Ստուգեք խոլեստերինի մակարդակը: Բարձր խոլեստերինը կարող է հանգեցնել զարկերակների նեղացման՝ նվազեցնելով արյան հոսքը դեպի ուղեղ: Կանոնավոր հետազոտությունը և պատշաճ կառավարումն օգնում են նվազեցնել այս ռիսկը: Վերահսկեք շաքարային դիաբետը: Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը ժամանակի ընթացքում վնասում է արյունատար անոթները՝ մեծացնելով թրոմբների առաջացման հավանականությունը: Դիաբետի կառավարումը սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և դեղորայքի միջոցով օգնում է պաշտպանել ձեր ուղեղն ու սիրտը: Բուժեք սրտի հիվանդությունները: Սրտի որոշակի խնդիրներ, հատկապես սրտի ռիթմի խանգարումները, ինչպիսին է նախասրտերի շողացումը, կարող են մեծացնել կաթվածի ռիսկը՝ թույլ տալով թրոմբների ձևավորումը և դրանց տեղափոխումը դեպի ուղեղ: Վաղ ախտորոշումը և պատշաճ բուժումը վճռորոշ են: Հետևեք ձեր բուժման պլանին Եթե ձեզ նշանակվել են դեղեր զարկերակային ճնշման, խոլեստերինի, դիաբետի կամ սրտի հիվանդությունների համար, ընդունեք դրանք ճիշտ այնպես, ինչպես նշանակված է: Մի՛ դադարեցրեք կամ մի՛ փոփոխեք ձեր բուժումը առանց բժշկի հետ խորհրդակցելու, քանի որ հետևողական կառավարումը կանխարգելման գրավականն է: Կաթվածի կանխարգելումը կտրուկ միջոցներ չի պահանջում: Պարզ, հետևողական ընտրությունները՝ լավ սնվելը, ակտիվ մնալը, վնասակար սովորություններից խուսափելը և առողջությունը կառավարելը, կարող են ժամանակի ընթացքում հզոր ազդեցություն ունենալ: Այսօր ձեր առողջության մասին հոգ տանելը ամենակարևոր քայլերից մեկն է, որը կարող եք ձեռնարկել ձեր ապագան պաշտպանելու համար:
Ի՞նչ է արյան խումբը և ռեզուս-գործոնը
22 Ապրիլ 2026
Ձեր արյունը պարունակում է կարևոր տեղեկություններ, որոնք օգնում են բժիշկներին հասկանալ, թե ինչպես է աշխատում ձեր օրգանիզմը և ինչպես ձեզ անվտանգ բուժել: Երկու հիմնական բնութագրերն են արյան խումբը և ռեզուս-գործոնը (Rh): Երկուսն էլ ժառանգվում են ծնողներից և անփոփոխ են մնում ողջ կյանքի ընթացքում: Ի՞նչ է արյան խումբը Արյան խումբը որոշվում է հատուկ մարկերներով, որոնք կոչվում են հակածիններ (անտիգեններ) և գտնվում են ձեր էրիթրոցիտների (արյան կարմիր բջիջների) մակերեսին: Հիմնվելով այդ հակածինների վրա՝ արյունը բաժանվում է չորս հիմնական խմբերի. • Խումբ A – ունի A հակածիններ և արտադրում է հակա-B հակամարմիններ: • Խումբ B – ունի B հակածիններ և արտադրում է հակա-A հակամարմիններ: • Խումբ AB – ունի և՛ A, և՛ B հակածիններ և չունի հակամարմիններ: • Խումբ O – չունի հակածիններ, բայց արտադրում է և՛ հակա-A, և՛ հակա-B հակամարմիններ: Հակամարմինները արյան պլազմայում առկա սպիտակուցներ են, որոնք պաշտպանում են ձեր օրգանիզմը՝ հայտնաբերելով և գրոհելով օտարածին նյութերը: Այս համակարգը շատ կարևոր է, քանի որ եթե դուք ստանաք սխալ խմբի արյուն, ձեր հակամարմինները կարող են գրոհել դոնորական արյունը՝ առաջացնելով լուրջ ռեակցիա: Ի՞նչ է ռեզուս-գործոնը (Rh) Ի հավելումն ABO համակարգի, արյունը դասակարգվում է նաև ըստ ռեզուս-գործոնի, որը ևս մեկ սպիտակուց է՝ հայտնաբերված էրիթրոցիտների վրա. • Եթե սպիտակուցը առկա է, ձեր արյան տիպը ռեզուս-դրական է (+): • Եթե այն բացակայում է, ձեր արյան տիպը ռեզուս-բացասական է (−): Համադրելով ABO խմբերը ռեզուս-գործոնի հետ՝ ստացվում է արյան ութ տարածված տիպ՝ A+, A−, B+, B−, AB+, AB−, O+ և O−: Մարդկանց մեծամասնությունը ռեզուս-դրական է: Ինչո՞ւ են կարևոր արյան խումբը և ռեզուս-գործոնը Ձեր արյան խմբի և ռեզուս-գործոնի իմացությունը կարևոր է ամենօրյա բժշկական խնամքի մեջ: Դրանք մեծ դեր են խաղում հետևյալ դեպքերում. • Արյան փոխներարկում – Վտանգավոր իմունային ռեակցիաներից խուսափելու համար դուք պետք է ստանաք համատեղելի արյուն: • Հղիություն – Եթե ռեզուս-բացասական մայրը կրում է ռեզուս-դրական երեխա, նրա իմունային համակարգը կարող է հակամարմիններ ձևավորել երեխայի էրիթրոցիտների դեմ: Այս վիճակը, որը կոչվում է ռեզուս-կոնֆլիկտ, կարելի է կանխել համապատասխան բուժման միջոցով: • Արտակարգ իրավիճակներ – Հրատապ դեպքերում բժիշկները հիմնվում են արյան տիպի տեղեկատվության վրա՝ անվտանգ և արագ բուժում ապահովելու համար: Շատ դեպքերում արյան խումբը և ռեզուս-գործոնը չեն ազդում ձեր առօրյա առողջության վրա: Սակայն դրանք դառնում են շատ կարևոր այն հատուկ բժշկական իրավիճակներում, երբ կարող է տեղի ունենալ արյան խառնում: Արյան պարզ հետազոտությունը կարող է որոշել ձեր արյան խումբը և ռեզուսի կարգավիճակը: Այս տեղեկատվությունը նախապես իմանալը օգնում է կանխել բարդությունները և ապահովում է, որ դուք ստանաք ճիշտ խնամք այն ժամանակ, երբ դա ամենակարևորն է:

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել