Պսորիազը քրոնիկ մաշկային հիվանդություն է, որը կարող է ազդել մարդու կյանքի որակի վրա, սակայն ժամանակին հայտնաբերմամբ և ճիշտ բուժմամբ հնարավոր է վերահսկել հիվանդության ընթացքը։ Այս հոդվածում կպատասխանենք պացիենտների ամենահաճախ տրվող հարցերին։
Ի՞նչ է պսորիազը
Պսորիազը (psoriasis) քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է մաշկը, սակայն որոշ դեպքերում կարող են նաև ներգրավվել եղունգներն ու հոդերը։ Այն բնորոշվում է մաշկի վրա առաջացող կարմիր, թեփոտվող օջախներով: Պսորիազի ամենատարածված ձևը վահանիկային պսորիազն է, սակայն կան նաև այլ տեսակներ ինչպես օրինակ՝ կաթիլային, պուստուլյար, էրիթրոդերմիկ պսորիազ։
Պսորիազը ժառանգական է՞
Այո, պսորիազը ունի ժառանգական նախատրամադրվածություն։ Եթե ծնողներից մեկը հիվանդ է, ապա երեխան կարող է ունենալ հիվանդանալու ավելի բարձր ռիսկ ։ Սակայն դա չի նշանակում, որ բոլոր ժառանգները պարտադիր կունենան պսորիազ։
Արդյո՞ք պսորիազը վարակիչ է
Ո՛չ։ Պսորիազը վարակիչ չէ։ Այն չի փոխանցվում շփումով, գրկախառնությամբ կամ նույն անձնական իրերը օգտագործելով։ Հիվանդը շրջապատի համար բացարձակ անվտանգ է։ Այս մասին շատ կարևոր է իրազեկել նաև շրջապատի մարդկանց, քանի որ պսորիազով մարդիկ հաճախ կարող են հանդիպել անհարկի սոցիալական մեկուսացման։
Պսորիազը վերջնականապես բուժվու՞մ է
Պսորիազը դեռևս չունի վերջնական բուժում, բայց այն լիովին կառավարելի է։ Կան ժամանակակից դեղամիջոցներ, որոնք թույլ են տալիս լիարժեք վերահսկել հիվանդությունը։ Սրացումները կարելի է կառավարել դեղորայքային բուժման, ֆոտոթերապիայի և մաշկի ճիշտ խնամքի միջոցով:
Ինչպե՞ս է իրականացվում պսորիազի բուժումը
Պսորիազի բուժումը ընտրվում է ըստ հիվանդության տեսակի, ծանրության և տարածվածության։
Բուժման հիմնական տարբերակներն են են՝
•Տեղային միջոցներ – կրեմներ, քսուքներ
•ֆոտոթերապիա
•Համակարգային բուժում – հաբեր կամ ներարկումներ
Ի՞նչ կարող է անել բուժառուն ինքնուրույն
•Խուսափել մաշկի վնասումից
•Օգտագործել խոնավացնող կրեմներ ամեն օր
•Խուսափել սթրեսից և գերհոգնածությունից
•Վերահսկել քաշը, վարել առողջ ապրելակերպ
Պսորիազը կարող է լինել հոգեբանական և ֆիզիկական բեռ, սակայն այն հնարավոր է վերահսկել՝
ճիշտ բուժմամբ և խնամքով։ Կարևոր է հիշել, որ լիարժեք կյանք վարելը լիովին հնարավոր է։