Սուր փորլուծություն երեխաների մոտ. պատճառները, վտանգները և լուծումները
13 Հունիս 2025
Սուր աղիքային վարակները պատկանում են ինֆեկցիոն հիվանդությունների այն խմբին, որոնք առաջանում են հիմնականում վիրուսների կամ բակտերիաների ներթափանցմամբ։ Դրանց ամենատարածված կլինիկական նշանը փորլուծությունն է կամ դիարեան։ Բակտերիալ ծագմամբ վարակները, հատկապես ամռան ամիսներին, շատ ավելի հաճախ են գրանցվում։ Սուր աղիքային վարակներն առավել վտանգավոր են փոքր տարիքի երեխաների, ինչպես նաև տարեցների համար՝ նրանց խոցելի իմունային համակարգի պատճառով։
Դիարեան երեխաների հիվանդացության, մահացության և թերսնուցման հիմնական պատճառներից մեկն է։ Վիճակագրության համաձայն, աշխարհում ամեն օր գրանցվում է ավելի քան 11 միլիոն աղիքային վարակ, որոնց հետևանքով տարեկան մահանում են շուրջ 1.5 միլիոն երեխա։
Սուր դիարեան բնութագրվում է օրվա ընթացքում առնվազն երեք կամ ավելի ջրիկ կղանքներով, և դրա տևողությունը չի գերազանցում 14 օրը։ Հատկանշական է, որ որքան փոքր է երեխայի տարիքը, այնքան բարդ և վտանգավոր ընթացք կարող է ունենալ հիվանդությունը։
Ինչպե՞ս է տարածվում վարակը:Ինֆեկցիայի տարածման առկա են մի քանի եղանակներ՝
•անորակ սնունդ օգտագործելը՝ հատկապես հում կամ վարակված մթերքներ,
•ճանապարհորդությունների ընթացքում վարակված ջուր կամ սնունդ օգտագործելը,
•կենդանիների հետ անմիջական շփումը,
•լողավազաններից օգտվելը,
•ծովում լողալը՝ առանց անհրաժեշտ հիգիենիկ ապահովման,
•բարձր աղտոտվածության ջրի օգտագործումը կամ մաքուր խմելու ջրի բացակայությունը։
Այս բոլոր գործոնները նպաստում են մանրէների, վիրուսների և մակաբույծների արագ տարածմանը։
Դիարեայի հիմնական ախտանիշներն են՝
•հաճախացած և ջրիկ կղանք,
•փսխում կամ սրտխառնոց,
•որովայնի շրջանում սեղմող կամ սուր ցավեր,
•բարձր ջերմություն,
•գլխացավ կամ գլխապտույտ։
Ծնողները պետք է ուշադիր հետևեն նաև կղանքի տեսքին՝ գույնին, խտությանը, հաճախականությանը և արյան կամ լորձի առկայությանը։
Փոքր տարիքի երեխաների մոտ դիարեան կարող է հանգեցնել լուրջ բարդությունների՝ առաջին հերթին՝ ջրազրկման։
Ինչո՞վ է վտանգավոր ջրազրկումը:Ջրազրկումը (դեհիդրատացիան) օրգանիզմի վիճակ է, երբ հեղուկի կորուստը գերազանցում է դրա լրացման կարողությունը։ Երեխաները, հատկապես մինչև 5 տարեկանները, շատ ավելի արագ են ջրազրկվում՝ համեմատած մեծահասակների հետ։ Դրա պատճառն այն է, որ մանկական օրգանիզմում ջրի պարունակությունը շատ բարձր է՝ մոտ 75–80%, և փոքրիկները հաճախ չեն կարողանում արտահայտել ծարավի զգացողությունը։
Ջրազրկման նախանշաններն են՝
•հաճախակի լուծ,
•բազմակի փսխում,
•ծարավի մշտական զգացողություն,
•մաշկի չորություն,
•շնչառության արագացում կամ հևոց,
•մեզի քանակի նվազում կամ տակդիրների չոր մնալը,
•երեխայի ընդհանուր անտարբերություն կամ վարքագծային փոփոխություններ։
Ջրազրկումն ունի տարբեր աստիճաններ՝ թեթև, միջին և ծանր։ Եթե չբուժվի ժամանակին, կարող է հանգեցնել ցնցման, օրգանների աշխատանքի խանգարման և նույնիսկ մահվան։
Ինչպե՞ս պաշտպանել երեխային
Ջրազրկման կանխման լավագույն միջոցը՝ հեղուկների ժամանակին ներմուծումն է։ Առաջին հերթին՝ կարևոր է շարունակել կրծքով կերակրումը, իսկ մեծ տարիքի երեխաների համար՝ չդադարեցնել սնուցումը։ Անհրաժեշտ է կիրառել բերանային ռեհիդրացիոն լուծույթներ՝ ջրի, աղերի և գլյուկոզայի համադրությամբ։
Բացի այդ, կարևոր է հետևել խիստ հիգիենիկ կանոններին՝ ձեռքերը լվանալ սնունդ պատրաստելուց առաջ և զուգարանից հետո, ինչպես նաև օգտագործել միայն անվտանգ ջուր։
Ռոտավիրուսով պայմանավորված դիարեան կանխելու համար մի շարք երկրներում գործում է իմունիզացիայի պետական ծրագիր։ Պատվաստումները զգալիորեն նվազեցնում են ծանր դեպքերի թիվը, և ցանկալի է, որ ծնողները չխուսափեն ռոտավիրուսային պատվաստումից։
Եթե նկատում եք ձեր երեխայի մոտ դիարեային բնորոշ նշաններ, մի զբաղվեք ինքնաբուժմամբ։ Վստահեք մասնագետներին՝ մանկաբույժներին, որոնք կհետևեն երեխայի վիճակին, կանցկացնեն անհրաժեշտ ախտորոշումներ և կհստակեցնեն բուժման պլանը։ Շնորհիվ ժամանակին ցուցաբերված օգնության՝ կարելի է խուսափել հնարավոր բարդություններից և ապահովել երեխայի արագ ապաքինումը։