Արյան շրջանառության համակարգի վիճակը մեր առողջության համար չափազանց կարևոր է։ Ներկայումս գոյություն ունեն տարբեր մեթոդներ, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել անոթների աշխատանքը և գնահատել նրանց վիճակը։ Դրանցից ամենաարդյունավետներից մեկը դուպլեքս հետազոտությունն է։
Ի՞նչ է դուպլեքս հետազոտությունը
Դուպլեքս հետազոտությունը ուլտրաձայնային հետազոտման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս գնահատել՝
• արյան շրջանարության ցուցանիշները,
• անոթների անցանելիությունը,
• նեղացումների աստիճանը,
• անոթի պատի վիճակը,
• լուսանցքի վիճակը։
Բացի այդ, այն հնարավորություն է տալիս չափել անոթի տրամագիծը, ստուգել արյան հոսքի արագությունը, բացահայտել դեֆորմացիաները, աթերոսկլերոտիկ վահանիկների առկայությունը և այլ կարևոր շեղումներ։
Դուպլեքս հետազոտության առավելությունները
Այս հետազոտությունն ունի մի շարք առավելություններ՝
• Անցավ է և կարճատև (տևում է մոտ 15-30 րոպե)։
• Բացարձակապես անվտանգ է (կարելի է իրականացնել նաև հղիների համար)։
• Մատչելի է և շատ ինֆորմատիվ։
• Չունի տարիքային և սեռային որևէ սահմանափակում։
Այս հատկանիշները դուպլեքս հետազոտությունն այն դարձնում են լայնորեն կիրառվող և անվտանգ մեթոդ։
Երբ է անհրաժեշտ կատարել դուպլեքս հետազոտությունը
Բժիշկները խորհուրդ են տալիս անցկացնել այս հետազոտությունը, եթե առկա են հետևյալ ախտանիշները՝
• Գլխացավեր, գլխապտույտ, ականջներում աղմուկ, հիշողության և ուշադրության խանգարումներ։
• Ճնշման տատանումներ կամ զարկերակային հիպերտոնիա։
Այս նշանները հաճախ վկայում են անոթային համակարգի հետ կապված հնարավոր խնդիրների մասին, և վաղ փուլում դրանք բացահայտելը կարող է փրկել կյանք։
Ովքե՞ր են ռիսկի խմբում
Դուպլեքս հետազոտությունն առանձնահատուկ կարևոր է հետևյալ մարդկանց համար՝
• Զարկերակային հիպերտենզիայով տառապողներ,
• Սիրտանոթային հիվանդություններ ունեցողներ,
• Ճարպակալում ունեցողներ,
• Աթերոսկլերոզ, արյան մեջ բարձր խոլեսթերին, շաքարային դիաբետ ունեցող անձիք,
• Ծխախոտամոլները։
Այս խմբերի անձանց մոտ անոթային խանգարումների առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է։
Ի՞նչ կտա մեզ այս հետազոտությունը
Այս հետազոտության շնորհիվ հնարավոր է լինում ժամանակին ախտորոշել անոթային խնդիրները, նշանակել արդյունավետ բուժում և կանխել բարդությունների առաջացումը։