Վահանաձև գեղձը արտադրում է հորմոններ` թիրոկսին, տրիյոդթիրոնին և կալցիտոնին: Այս հորմոնները կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակությունը, նյարդային և սիրտ անոթային համակարգերի ֆունկցիան, շնչառությունը, օրգանիզմի ջերմաստիճանը, մարմնի զանգվածը, մազերի, եղունգների աճը, աղիքների կանոնավոր աշխատանքը, մարդու մտավոր ունակությունը:
Հիպոթիրեոզը հիվանդություն է, որի ժամանակ վահանաձև գեղձի հորմոնները նորմայից քիչ են արտադրվում: Երբ վահանաձև գեղձը քիչ հորմոն է արտադրում և տեղափոխում արյան միջոցով դեպի բջիջներ, ապա տեղի է ունենում նյութափոխանակության դանդաղում:
Հիպոթիրեոզը դրսևորվում է հետևյալ ախտանիշներով՝
•հոգնածություն
•քաշի ավելացում
•դեպրեսիա
•մաշկի չորություն
•մազաթափություն
•այտուցներ վերին, ստորին վերջույթներում կամ դեմքի շրջանում
•հիշողության վատացում
•կոնցենտրացիայի խանգարում
•գլխացավ
•ախորժակի վատացում
•սառնության զգացում
•աշխատունակության անկում
•սրտխփոց
•քնի խանգարումներ
•կանանց մոտ դաշտանային ցիկլի խանգարումներ
•փորկապություն
Հիպոթիրեոզի առաջացման պատճառը կարող է լինել յոդային անբավարարությունը կամ աուտոիմուն թիրեոիդիտը:
Տարբերակում են հիպոթիրեոզի 2 հիմնական ձևեր՝
1.Բնածին
, որը ախտորոշվում է անմիջապես երեխայի ծնվելուց հետո:
2.Ձեռքբերովի
, որը կարող է կապված լինել անմիջապես վահանաձև գեղձի ախտահարման հետ, կամ գլխուղեղում տեղակայված հիպոֆիզի կամ հիպոթալամուսի ֆունկցիայի խանգարման հետ: Կապված այս խնդրի հետ տարբերակում են առաջնային կամ երկրորդային հիպոթիրեոզ:
Հիպոթիրեոզը կարող է երկար ժամանակ չհայտնաբերվել, քանի որ զարգանում է դանդաղ և ոչ հստակ դրսևորված ախտանիշներով:
Ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել վահանաձև գեղձի հորմոնների, սպեցիֆիկ հակամարմինների հետազոտում արյա միջոցով, ուլտրաձայնային հետազոտություն, սցինտիգրամմա:
Հիպոթիրեոզի բուժումը` փոխարինող թերապիա, այսինքն վահանաձև գեղձի հորմոնների ընդունում: Սննդակարգը պետք է լինի յոդով, վիտամիններով և միկրոէլեմենտներով հարուստ: