Կատարակտ

Կատարակտ

Կատարակտ
Աչքի ոսպնյակը երկուռուցիկ ոսպանման մարմին է, որը տեղակայված է բբի հետևում և, այսպես կոչված, ցինյան կապաններով ամրացված է թարթչային մարմնին: Այն հանդիսանում է բեկող միջավայր և ուրույն տեղ է զբաղեցնում աչքի օպտիկական համակարգում: Հեռուն և մոտը տեսնելու համար այն փոխում է իր ուռուցիկությունը, որպեսզի լույսի ճառագայթները ընկնեն ֆոկուսում: Գտնվում է իր պատիճի մեջ, չունի արյան անոթներ, սնվում է օսմոսի երևույթի հիման վրա նրանում ներթափանցող սննդարար նյութերի միջոցով:
50-55 տարեկանից օրգանիզմի նյութափոխանակության դանդաղեցմանն ու վատացմանը զուգընթաց ոսպնյակում լուծելի սպիտակուցները վերածվում են անլուծելի սպիտակուցների և նստում են ոսպնյակի նյութում: Այնուհետև դրանք գնալով դառնում են ավելի ստվար, հարուցելով տեսողության մշուշում և նրա աստիճանական նվազում: Առաջանում է տարիքային կատարակտ /հունարենից թարգմանված catarus- նշանակում է ջրվեժ/, որը գնալով խորանում է:

Տարբերում ենք կատարակտի զարգացման 4 փուլ`

•սկսվող
•ոչ հասուն
•հասուն
•գերհասուն

Քանի որ շրջապատող աշխարհից ինֆորմացիայի 90% ը ստանում ենք տեսողական օրգանի միջոցով, ուստի նրա թերֆունկցիայի պատճառով մարդու կյանքի որակը խիստ ընկնում է:
Կատարակտի բուժումը վիրահատական է, թեպետ սկզբնական փուլում վիտամինների, հակաօքսիդանտների և տեղային սնուցող կաթիլների համատեղ տևական կիրառման դեպքում կարող է նվազել նրա աճման ինտենսիվությունը և դանդաղել նրա պրոգրեսիվումը:
Շատ մարդիկ կարծում են, որ պետք է տեսողությունը լրիվ վատանա, նոր կատարեն վիրահատական միջամտություն:Նախկինում կատարվում էր կատարակտի կրիոէքստրակցիա/ վիրահատություն սառույցի կիրառման միջոցով: Այդ վիրահատության համար պահանջվում էր կատարակտի հասուն վիճակ: Ակնաբուժության զարգացմանը զուգընթաց արդիական պայմաններում այդ մեթոդն այլևս չի կիրառվում: Այժմ կատարվում է կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա: Այս տեսակի վիրահատությունն ավելի առաջադեմ է, կարեր չեն դրվում և հետվիրահատական աստիգմատիզմից խուսափելու հիասքանչ տարբերակ է: Ժողովրդի շրջանում տարածված է այն թյուր կարծիքը, իբր դա լազերային միջամտություն է, բայց այստեղ լազեր չի կիրառվում:

Կատարակտ
Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների ասոցիացիայի կազմակերպած միջազգային կոնգրեսների, ակնաբուժական կոնֆերանսների և սիմպոզիումների ժամանակ մշտապես արծարծվում և քննարկվում են կատարակտալ վիրաբուժության ամենաժամանակակից, բարդություններից խուսափելու մեթոդները, նոր, ավելի արդյունավետ մոտեցումները:
Կատարակտի վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացման տակ ,անցավ է, առանց կարի, տևողությունը 20-30 րոպե, հիվանդի հոսպիտալացման կարիք չի լինում:Ակնախոռոչում հնարավոր է նաև տեղադրել, հիվանդի ցանկության դեպքում, մուլտիֆոկալ ոսպնյակներ, որոնք շտկում են տարիքային տեսողությունը/պրեսբիոպիան/, այսպիսով ձերբազատելով հիվանդին մոտի ակնոցներ կրելու անհրաժեշտությունից:Ապաքինման ժամկետը 2-3 շաբաթ է, որի ընթացքում կատարվում է հիմնականում տեղային կաթիլների կիրառում; Վիրահատությունից անմիջապես հետո մշուշը վերանում է, տեսողությունը պարզվում է և այն կարող է էլ ավելի բարելավվել առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում: Այդ ժամանակահատվածում խորհուրդ է տրվում հրաժարվել

կտրուկ շարժումներից, սպորտից, շոգեբաղնիքից, լողավազանից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից

: 1 ամսից հետո կարելի է վերադառնալ բնականոն կյանքին:
Կատարակտի ժամանակակից ուլտրաձայնային այս վիրահատությունը խիստ լավացնում է տեսողությունը, քիչ տրավմատիկ է, քիչ սթրեսային, օգնում է կտրուկ բարելավել հիվանդի կյանքի որակը:

Հիմա ամենակարևոր հարցը` երբ է վիրաատության համար ամենաբարենպաստ և նպատակահարմար ժամանակը:

Բանն այն է, որ այս ուլտրաձայնային մեթոդը կիրառելի է ոսպնյակի նուրբ պղտորումների առկայության դեպքում, այլ ոչ թե կարծրացած, վաղեմի կատարակտաների դեպքում: Ուստի ճիշտ կողմնորոշվելու համար անհրաժեշտ է ակնաբույժի խորհրդատվություն վիրահատության բարենպաստ ելքի և հետվիրահատական բարդություններից խուսափելու նպատակով:
Ի՞նչ է կրեատինինը
18 Մարտ 2026
Կրեատինինը թափոն է, որն առաջանում է մկանների բնականոն նյութափոխանակության ընթացքում: Երբ մկաններն օգտագործում են էներգիա, կրեատին կոչվող միացությունը քայքայվում է և առաջացնում կրեատինին: Այս նյութն անցնում է արյան մեջ և տեղափոխվում երիկամներ, որտեղ այն զտվում և հեռացվում է օրգանիզմից մեզի միջոցով: Քանի որ այս գործընթացը տեղի է ունենում շարունակաբար, արյան մեջ կրեատինինի մակարդակն օգնում է ցույց տալ, թե որքան լավ են գործում երիկամները: Չնայած կրեատինինն ինքնին օրգանիզմում ուղղակի գործառույթ չունի, այն երիկամների առողջությունը գնահատելու համար ամենահաճախ օգտագործվող լաբորատոր ցուցանիշներից մեկն է: Առողջ երիկամները կրեատինինի մակարդակը պահում են կայուն միջակայքում: Երբ երիկամների զտումը նվազում է, կրեատինինը սկսում է կուտակվել արյան մեջ, ինչը կարող է վկայել երիկամների ֆունկցիայի խանգարման մասին: Ինչո՞ւ է կրեատինինը կարևոր Կրեատինինի թեստը հաճախ ներառվում է արյան ստանդարտ հետազոտությունների մեջ, քանի որ այն օգնում է բժիշկներին գնահատել երիկամների ֆիլտրացիան: Այն սովորաբար նշանակվում է այլ թեստերի հետ միասին՝ հիմնական կամ ընդլայնված մետաբոլիկ պանելի շրջանակներում: Քանի որ երիկամների հիվանդությունը կարող է զարգանալ առանց հստակ վաղ ախտանիշների, կրեատինինի չափումը կարող է օգնել հայտնաբերել խնդիրները վաղ փուլում: Բժիշկները սովորաբար պահանջում են կրեատինինի հետազոտություն հետևյալ դեպքերում. • գնահատել երիկամների ֆունկցիան շաքարային դիաբետով, արյան բարձր ճնշմամբ կամ սրտի հիվանդություններով տառապող մարդկանց մոտ • հսկել երիկամների քրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտներին • գնահատել, թե արդյոք դեղամիջոցները կարող են ազդել երիկամների ֆունկցիայի վրա: Կրեատինինի նորմալ մակարդակը Կրեատինինի նորմալ արժեքները տատանվում են՝ կախված տարիքից, սեռից, մկանային զանգվածից և հիդրատացիայի վիճակից (ջրային հաշվեկշռից): Մեծ մկանային զանգված ունեցող մարդիկ սովորաբար ունենում են մի փոքր ավելի բարձր մակարդակ: Արյան մեջ կրեատինինի բնորոշ միջակայքերն են. • Չափահաս տղամարդիկ՝ 0,7–1,2 մգ/դլ • Չափահաս կանայք՝ 0,5–1,0 մգ/դլ Լաբորատոր միջակայքերը կարող են մի փոքր տարբերվել, ուստի արդյունքները միշտ պետք է մեկնաբանվեն բուժաշխատողի կողմից: Կրեատինինի ցածր և բարձր մակարդակները Ցածր կրեատինինը սովորաբար կապված է մկանային զանգվածի նվազման, վատ սննդի, հղիության կամ լյարդի խնդիրների հետ: Այն ավելի քիչ տարածված է և հաճախ կապված չէ երիկամների հիվանդության հետ: Բարձր կրեատինինը սովորաբար վկայում է երիկամների զտման նվազման մասին, սակայն ժամանակավոր աճ կարող է տեղի ունենալ նաև ջրազրկման, ինտենսիվ մարզումների կամ սպիտակուցների մեծ քանակությամբ ընդունման պատճառով: Բարձր կրեատինինի ընդհանուր պատճառները ներառում են. • երիկամների վարակներ • երիկամների քարեր • երիկամների բորբոքում • երիկամային անբավարարություն • անվերահսկելի շաքարային դիաբետ կամ արյան բարձր ճնշում Ախտանիշները կարող են ներառել հոգնածություն, այտուցվածություն, սրտխառնոց, միզարձակման նվազում կամ մեզի գույնի փոփոխություն: Բուժում և մոնիտորինգ Կրեատինինն ինքնին ուղղակիորեն չի բուժվում. բուժումը կախված է հիմնական պատճառից: Եթե աննորմալ մակարդակները կապված են վարակի, ճնշման խնդիրների, դիաբետի կամ երիկամների հիվանդության հետ, բուժումն ուղղվում է այդ վիճակներին: Կանոնավոր մոնիտորինգը կարևոր է, քանի որ կրեատինինի փոփոխությունները կարող են օգնել վաղ հայտնաբերել երիկամների խնդիրները և ուղղորդել բուժման որոշումները:
Ի՞նչ է մաշկի ուլտրաձայնային մաքրումը
14 Մարտ 2026
Մաշկի ուլտրաձայնային մաքրումը ժամանակակից ոչ ինվազիվ կոսմետիկ միջամտություն է, որը բարձր հաճախականության ձայնային տատանումների միջոցով հեռացնում է մակերեսային աղտոտվածությունը, ավելորդ ճարպը և մաշկի մահացած բջիջները: Ի տարբերություն ձեռքով իրականացվող էքսֆոլիացիայի, այս պրոցեդուրան նրբորեն ազդում է մաշկի արտաքին շերտի վրա՝ չառաջացնելով վնասվածքներ, ինչը այն հարմար է դարձնում այն պացիենտների համար, ովքեր ցանկանում են մաշկի արդյունավետ թարմացում՝ առանց անհանգստության զգացողության: Միջամտության ընթացքում մետաղական թիակով հատուկ ուլտրաձայնային սարքը ստեղծում է միկրոսկոպիկ տատանումներ, որոնք թուլացնում են ծակոտիների աղտոտվածությունը և դրանք բարձրացնում մակերես: Տեխնոլոգիան հիմնված է վերահսկվող ձայնային ալիքների վրա, որոնք կիրառվում են մաշկի վրա հեղուկ միջավայրի միջոցով: Այս տատանումները օգնում են առանձնացնել եղջերացած բջիջները, փափկեցնել ճարպային կուտակումները և բարելավել մակերեսային շրջանառությունը: Արդյունքում մաշկը դառնում է ավելի մաքուր, թարմ և ավելի պատրաստված՝ խնամքի միջոցները կլանելու համար: Ուլտրաձայնային մաքրման հիմնական առավելություններից մեկն այն է, որ այն համատեղում է մաքրումը մեղմ խթանման հետ: Երբ է խորհուրդ տրվում մաշկի ուլտրաձայնային մաքրումը Այս միջամտությունը հաճախ խորհուրդ է տրվում, երբ մաշկը պահանջում է նուրբ, բայց կանոնավոր խնամք: Ընդհանուր ցուցումները ներառում են՝ • յուղոտ կամ համակցված մաշկ • սև կետեր և մակերեսային կոմեդոններ • դեմքի հոգնած գույն և անհարթ տեքստուրա • մաշկի առաձգականության վաղ անկում • նախապատրաստում այլ կոսմետիկ միջամտություններից առաջ Քանի որ մեթոդը նուրբ է, այն կարող է ներառվել նաև կանոնավոր պրոֆեսիոնալ մաշկի խնամքի մեջ: Ուլտրաձայնային մաքրման հիմնական առավելությունները Ուլտրաձայնային մաքրումը համարվում է դեմքի ամենահարմարավետ պրոֆեսիոնալ պրոցեդուրաներից մեկը, քանի որ այն չի ներառում ագրեսիվ արտահանում: Հիմնական առավելությունները ներառում են՝ • անցավ միջամտություն՝ առանց մաշկի վնասման • հարմար է մաշկի տեսակների մեծ մասի համար • վերականգնման նվազագույն շրջան կամ դրա բացակայություն • ավելի հարթ և մաքուր մաշկի անմիջական զգացողություն • շիճուկների և խոնավեցնող միջոցների ներծծման բարելավում Ուլտրաձայնային ալիքները կարող են նաև խթանել բնական վերականգնողական գործընթացները՝ ժամանակի ընթացքում օգնելով բարելավել մաշկի տոնուսը: Հակացուցումներ և հետխնամք Թեև ուլտրաձայնային մաքրումը անվտանգ է, այն խորհուրդ չի տրվում ակտիվ բորբոքման, մաշկի բաց վերքերի, ծանր ակնեի, կարդիոստիմուլյատորի առկայության, որոշ դեպքերում հղիության կամ սուր դերմատոլոգիական վիճակների դեպքում: Միջամտությունից հետո պացիենտները պետք է խուսափեն արևի ուղիղ ճառագայթներից, տաք լոգանքներից, սաունայից և ագրեսիվ կոսմետիկ միջոցներից 24–48 ժամվա ընթացքում: Խորհուրդ է տրվում օգտագործել արևապաշտպան քսուք, քանի որ թարմ շերտազատված մաշկը կարող է լինել ավելի զգայուն: Ձեր ճանապարհը դեպի անթերի մաշկ սկսվում է պրոֆեսիոնալ մոտեցումից: Դալիմեդ բժշկական կենտրոնում մենք օգտագործում ենք ժամանակակից սարքավորումներ և խնամքի անհատականացված ծրագրեր՝ ապահովելու համար Ձեր մաշկի թարմությունը, մաքրությունն ու կենսունակությունը: Բացահայտեք այն տարբերությունը, որը կարող է տալ մասնագիտացված խնամքը:
Վիտամին B12-ի կարևորությունը
09 Մարտ 2026
Վիտամին B12-ը անփոխարինելի վիտամին է, որն օգնում է օրգանիզմին ճիշտ գործել: Թեև այն անհրաժեշտ է փոքր քանակությամբ, այն կարևոր դեր է խաղում արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտների) արտադրության, նյարդային համակարգի պահպանման և ուղեղի առողջության հարցում: Քանի որ օրգանիզմը չի կարող ինքնուրույն արտադրել վիտամին B12, այն պետք է ստացվի սննդի կամ հավելումների միջոցով: Վիտամին B12-ի հիմնական դերերից մեկը օրգանիզմին առողջ էրիթրոցիտներ արտադրելուն օգնելն է, որոնք թթվածին են հասցնում ամբողջ մարմնին: Երբ B12-ի մակարդակը ցածր է, էրիթրոցիտները կարող են ճիշտ չզարգանալ, ինչը կարող է հանգեցնել անեմիայի (սակավարյունություն) և այնպիսի ախտանիշների, ինչպիսիք են հոգնածությունն ու թուլությունը: Վիտամին B12-ը կարևոր է նաև նյարդային համակարգի համար: Այն օգնում է նյարդերն առողջ պահել և աջակցում է ուղեղի ու մարմնի մնացած մասերի միջև կապին: Ցածր մակարդակը կարող է առաջացնել այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են ծակծկոցը ձեռքերում և ոտքերում, հավասարակշռության խնդիրներ կամ կենտրոնացման դժվարություն: Վիտամին B12-ի մեկ այլ դեր է ԴՆԹ-ի՝ յուրաքանչյուր բջջում առկա գենետիկական նյութի ձևավորմանը նպաստելը: Քանի որ օրգանիզմը մշտապես նոր բջիջներ է արտադրում, B12-ի բավարար քանակն անհրաժեշտ է բջիջների բնականոն աճի և վերականգնման համար: Վիտամին B12-ը հիմնականում հանդիպում է կենդանական ծագման մթերքներում, ինչպիսիք են միսը, ձուկը, ձուն և կաթնամթերքը: Այն մարդիկ, ովքեր օգտագործում են այս մթերքները, սովորաբար ստանում են բավարար քանակությամբ վիտամին, մինչդեռ բուսակերներին և վեգաններին կարող են անհրաժեշտ լինել հարստացված մթերքներ կամ հավելումներ: Որոշ մարդկանց մոտ կարող է զարգանալ վիտամին B12-ի դեֆիցիտ, քանի որ նրանց օրգանիզմը չի կարողանում այն պատշաճ կերպով յուրացնել: Դա կարող է պատահել տարեցների, մարսողական որոշակի հիվանդություններ ունեցողների կամ ստամոքսի ու աղիքների վիրահատություն տարած անձանց մոտ: Որոշ դեղամիջոցների երկարատև օգտագործումը նույնպես կարող է ազդել վիտամին B12-ի ներծծման վրա: Վիտամին B12-ի պակասի ախտանիշները կարող են զարգանալ դանդաղ և ներառել՝ • Հոգնածություն կամ էներգիայի պակաս • Մկանային թուլություն • Մաշկի գունատություն • Գլխապտույտ կամ շնչարգելություն • Ծակծկոց կամ թմրածություն ձեռքերում և ոտքերում • Հիշողության հետ կապված խնդիրներ կամ կենտրոնացման դժվարություն Եթե հայտնվում են այս ախտանիշները, բժիշկը կարող է խորհուրդ տալ արյան հետազոտություն՝ վիտամին B12-ի մակարդակը ստուգելու համար: Օրգանիզմում վիտամին B12-ի բավարար մակարդակի պահպանումը նպաստում է ընդհանուր առողջությանը: Կարևոր առավելություններն են՝ • Արյան առողջ բջիջների արտադրության խթանում • Ուղեղի և նյարդային համակարգի գործունեության աջակցում • Էներգիայի բնականոն մակարդակի ապահովում • Ոսկորների և աչքերի առողջության պահպանում • Հիշողության և կենտրոնացման բնականոն մակարդակի պահպանում Մարդկանց մեծամասնությունը կարող է պահպանել վիտամին B12-ի առողջ մակարդակը՝ հետևելով հավասարակշռված սննդակարգի: Որոշ դեպքերում բժիշկները կարող են խորհուրդ տալ հավելումներ, հատկապես տարեցներին կամ բուսական սննդակարգ հետևողներին: Ամփոփելով՝ վիտամին B12-ը փոքր, բայց չափազանց կարևոր սննդանյութ է, որն աջակցում է օրգանիզմի բազմաթիվ կենսական գործառույթներին: Դրա բավարար քանակի ապահովումը սննդի կամ հավելումների միջոցով օգնում է պահպանել էներգիան, պաշտպանել նյարդային համակարգը և աջակցել ընդհանուր առողջությանը:
Զարկերակային ճնշման 24-ժամյա մոնիթորինգ
06 Մարտ 2026
Զարկերակային ճնշումն օրվա ընթացքում անընդհատ փոփոխվում է՝ կախված ակտիվությունից, սթրեսից և քնից: Այս բնական տատանումների պատճառով բժշկի այցի ժամանակ կատարված մեկանգամյա չափումը միշտ չէ, որ կարող է ցույց տալ մարդու իրական ճնշումը: Զարկերակային ճնշման 24-ժամյա մոնիթորինգը, որը կոչվում է նաև ամբուլատոր մոնիթորինգ, օգնում է ստանալ ավելի ճշգրիտ պատկեր՝ ձայնագրելով ճնշումը բազմիցս՝ ամբողջ օրվա և գիշերվա ընթացքում: Այս հետազոտության ժամանակ բազկին տեղադրվում է մանժետ, որը միացված է գոտու կամ ուսադիրի վրա կրվող փոքր շարժական սարքին: Սարքն ինքնաշխատ կերպով փչում է մանժետը և չափում ճնշումը կանոնավոր ընդմիջումներով՝ սովորաբար ցերեկը յուրաքանչյուր 15–30 րոպեն մեկ, իսկ գիշերը՝ մոտ ժամը մեկ անգամ: Յուրաքանչյուր չափում գրանցում է երկու թիվ՝ սիստոլիկ ճնշում, որը ցույց է տալիս ճնշումը, երբ սիրտը մղում է արյունը, և դիաստոլիկ ճնշում, որն արտացոլում է ճնշումը, երբ սիրտը հանգստանում է: Բժիշկներն օգտագործում են այս հետազոտությունը՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես է փոխվում արյան ճնշումը առօրյա գործունեության և քնի ժամանակ: Այն հաճախ խորհուրդ է տրվում, երբ կլինիկական չափումները հակասական են, երբ անհրաժեշտ է գնահատել բուժումը, կամ երբ ի հայտ են գալիս այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են գլխապտույտը կամ ուշագնացությունը: Շարունակական մոնիթորինգը կարող է նաև հայտնաբերել արյան ճնշման թաքնված օրինաչափություններ, որոնք կարող են չերևալ կլինիկա կատարած մեկ այցի ժամանակ: Մոնիթորինգը սովորաբար սկսվում է կլինիկայում, որտեղ տեղադրվում է սարքը և տրվում են հրահանգներ: Դրանից հետո պացիենտը շարունակում է իր բնականոն առօրյան՝ կրելով սարքը 24 ժամ: Մանժետն ինքնաշխատ փչվում է օրվա և գիշերվա ընթացքում, և կարևոր է յուրաքանչյուր չափման ժամանակ ձեռքը անշարժ պահել՝ ճշգրտությունն ապահովելու համար: Հուսալի արդյունքներ ստանալու համար պացիենտները պետք է հետևեն մի քանի պարզ կանոնների. • Կրել լայն հագուստ, որպեսզի մանժետը հեշտությամբ փչվի: • Անշարժ մնալ, երբ չափումների ժամանակ մանժետը սեղմվում է: • Շարունակել բնականոն գործունեությունը, բայց խուսափել ծանր վարժություններից կամ լոգանք ընդունելուց: • Սարքը միացված պահել և գրանցել ցանկացած ախտանիշ կամ գործողություն: Մոնիթորինգի ժամանակաշրջանի ավարտից հետո սարքը վերադարձվում է կլինիկա, որտեղ վերլուծվում են գրանցված տվյալները: Բժիշկները գնահատում են ամբողջ օրվա միջին զարկերակային ճնշումը, ինչպես նաև ցերեկային և գիշերային ցուցանիշները: Սովորաբար քնի ժամանակ ճնշումը մի փոքր նվազում է, և այս օրինաչափության փոփոխությունները կարող են կարևոր տեղեկություններ տալ սիրտ-անոթային առողջության մասին: Զարկերակային ճնշման 24-ժամյա մոնիթորինգը պարզ և արդյունավետ միջոց է ճնշումն ավելի ճշգրիտ գնահատելու համար, քան միայն պատահական չափումները: Ցույց տալով, թե ինչպես է ճնշումը դրսևորվում առօրյա կյանքում, այն օգնում է բժիշկներին ճիշտ ախտորոշել հիպերտոնիան և ընտրել առավել համապատասխան բուժումը: Կատարե՛ք առաջին քայլը դեպի առողջ սիրտ և ամրագրե՛ք Ձեր 24-ժամյա մոնիթորինգը Դալիմեդ բժշկական կենտրոնում հենց այսօր:

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել