Արյունամիզություն (հեմատուրիա), կլինիկական ախտանիշ է, որը բնութագրվում է մեզի մեջ արյան կամ էրիթրոցիտների առկայությամբ: Այն ուրոլոգիական պրակտիկայում հաճախ հանդիպող ախտանիշներից է:
Ըստ արտահայտվածության աստիճանի արյունամիզությունը կարող է լինել՝
1.Միկրոսկոպիկ արյունամիզություն կամ միկրոհեմատուրիա
2.Մակրոհեմատուրիա
Ի՞նչ հիվանդությունների ժամանակ կարող է դիտվել արյունամիզություն:
Ուրոլոգիական մի շարք հիվանդությունների ժամանակ կարող է դիտվել ինչպես միկրոսկոպիկ այնպես էլ մակրո արյունամիզություն՝
1.Միզային ինֆեկցիա
2.Միզաքարային հիվանդություն (երիկամի, միզածորանի կամ միզապարկի քար)
3.Շագանակագեղձի ադենոմա (բարորակ գերաճ)
4.Միզուղիների տրավմա
5.Վերջին ժամանակներում կատարված ուրոլոգիական միջամտություններ
6.Միզուղիների ուռուցքային հիվանդություններ (երիկամի, միզածորանի, միզապարկի, շագանակագեղձի կամ միզուկի քաղցկեղ)
Ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ կատարել, եթե առկա է արյունամիզություն:
1.Մեզի ընդհանուր քննություն – մեզի մեջ արյունը կամ արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտները) հայտնաբերելու համար:
2.Կրեատինին արյան մեջ – երիկամների ֆունկցիան գնահատելու և քրոնիկ հիվանդությունների բացահայտելու կամ հերքելու նպատակով:
3.Պրոստատ սպեցիֆիկ անտիգեն – 45 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ շագանակագեղձի գերաճի բնույթը պարզելու նպատակով:
4.Մեզի բակտերիոլոգիական հետազոտություն (մեզի ցանքս) - միզուղիների բորբոքային հիվանդությունները ժխտելու համար: Ընդ որում պետք է հաշվի առնել, որ որոշ սեռավարակներ նույնպես կարող են բերել արյունամիզության: Վերջիններիս հայտնաբերման համար անհրաժեշտ է կատարել ՊՇՌ հետազոտություն:
5.Միզուղիների գերձայնային հետազոտություն – անվնաս և մատչելի հետազոտություն է, որի օգնությամբ կարելի է հայտնաբերել միզուղիների քարեր, նորագոյացություններ:
6.Ցիստոսկոպիա – Այն ինվազիվ հետազոտության մեթոդ է, որը միզապարկի պատերի գնահատման ամենահավաստի եղանակն է (միզապարկի քաղցկեղ, բորբոքում, օտար մարմին և այլն):
7.Միզուղիների համակարգչային շերտագրում կոնտրաստավորումով – այս մեթոդով արյունամիզության ժամանակ ավելի ճշգրիտ տեղեկատվություն կարելի է ստանալ վերին միզուղիների վերաբերյալ: Եթե կան հակացուցումներ ապա կարելի է կատարել ՄՌՏ հետազոտություն:
8.Մեզի ցիտոլոգիական հետազոտություն – միզուղիների ագրեսիվ քաղցկեղների դեպքում այս մեթոդի ճշգրտությունը բավականին բարձր է: Այնուամենայնիվ բարձր դիֆերենցման քաղցկեղների դեպքում մեզի ցիտոլոգիական հետազոտության ճշգրտությունը ցածր է:
Արյունամիզության (հեմատուրիայի) բուժումը կախված է պատճառից:
Ժամանակին բժշկի դիմելը կենսական նշանակություն ունի՝ հնարավոր առողջական խնդիրները շուտ հայտնաբերելու և արդյունավետ բուժելու համար։ Դալիմեդ բժշկական կենտրոնի փորձառու մասնագետները պատրաստ են տրամադրել ձեզ լավագույն խնամքը և աջակցությունը։